Նոր էի ընդունվել Գրականության ինստիտուտի ասպիրանտուրա:
Քոչարի կինը՝ լուսահոգի Մանիկ Մկրտչյանը, աշխատում էր մեր ինստիտուտի հայ հին գրականության բաժնում:
Մի օր գնացի ինստիտուտ և չգիտեմ ինչու բացեցի այդ բաժնի դուռը ու առաջին անգամ մոտիկից տեսա Երվանդ Քոչարին:
Նա նստած էր:
Տիկին Մանիկը և գրականագետ Կառլեն Դանիելյանը կանգնած զրուցում էին: Կառլենն ինձ ձեռքի շարժումով ներս կանչեց:
- Արի՛, ներս արի՛ Արամ ջան, արի՛ քեզ Վարպետի հետ ծանոթացնեմ:
ՈՒ ինձ ներկայացրեց Քոչարին:
Կառլենը բամբ ձայնով ասաց, որ ես իբր հեռանկարային, խոստումնալից գրականագետ եմ ու էլի նման լավ բաներ: Քոչարը նայեց ինձ, ժպտաց ու հարցրեց.
– Որտեղացի՞ ես:
Ամաչելով ու քաշվելով ասացի.
- Եղեգնաձորից:
Հարցրեց.
- Որտեղացի՞:
Ասացի.
- Եղեգնաձորցի:
Կառլենն ասաց.
- Արամ ջան, բարձր ասա, որ լսի, ինքը լավ չի լսում:
Մի քիչ ավելի բարձր ասացի: Քոչարը պատասխան սպասող հայացքով նայեց տիկին Մանիկի ուղղությամբ: Տիկին Մանիկն ասաց.
- Այ՛ Արամ, չե՞ս կարող ավելի բարձր, գոռալով ասել: Անկեղծ ասած, թեկուզ արդարացնող հանգամանքին, այնուամենայնիվ, համաշխարհային մշակույթի այդ հզոր մեծությանը գոռալով պատասխանելը կարծես թե զգում էի փոքր-ինչ վիրավորական:
Կատակով ասի ,
- Տիկին Մանիկ, ես ո՞ր օրվա գոռացողն եմ…, միգուցե Դու՞ք ասեք:
Տիկին Մանիկը ծիծաղեց ու նայելով Քոչարին ծղրտաց.
- Եղեգնաձորցի՜ի՜ի՜…
Քոչարը ժպտաց կրկին ու ասաց.
- Նստի՛ կողքս:
Նստեցի: Ասաց.
- Այ՛ դարալագյազցի, ավելի համով պանիր ու մեղր, քան Դարալագյազինն է, ուրիշ տեղ չեմ հանդիպել:
Քիչ անց:
Դիմացի պատին կախված մեծ շրջանակով մի յուղաներկ կտավ կար: Նկարում Մեսրոպ Մաշտոցն էր պատկերված: Դիմացի պատուհանից թափանցող լույսը կտավի շարունակության վրա արտահայտված էր բաց կապտամանուշակագույն երանգով, որի մեջ Այբուբենի տառերն էին անկանոն նկարված: Պատուհանի գոգը ներկված էր ընդգծված դեղին գույնով:
Քոչարը զննող հայացքով նայում էր նկարին: Ապա դարձավ ինձ.
- Արա՛մ, զգո՞ւմ ես այս նկարիչը գույների ֆիզիկայից անտեղյակ է: Առաքվող լույսը դեղին շերտի միջով անցնելով նման գունային անդրադարձ չի կարող ստեղծել:
Ես ակամա այնպիսի դրական դիմախաղով համաձայնվեցի իր դիտողության հետ, որ տեսնողին կթվար, թե գունային սպեկտրի մասին նրա ու իմ պատկերացումներն իմացության նույն բարձունքներում էին…
Հետո սենյակ մտան ուրիշ մարդիկ: Քոչարին ողջունեցին: Ես վեր կացա տեղիցս: Իրադրությունը փոխվեց ու ես դուրս եկա սենյակից:
Մնաց հուշի այս փոքրիկ դրվագը այդ հանճարեղ հայորդուց:
Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հ. Գ.
Հետագայում, երբ Քոչարն արդեն մահացել էր, «Գարուն» ամսագրում հոդվածով վերլուծեցի ծավալային, տարածական և կինետիկ նկարչության (peinture dans l, espace) սկզբունքվ Վարդան Մամիկոնյանի նրա հանճարեղորեն կերտած արձանը: